ԵԴԵՄԱԿԱՆ ԾԱՂԻԿԸ


<<ԵԴԵՄԱԿԱՆ ԾԱՂԻԿԸ>>

18

Իմ Կարծիքը

<<ԵԴԵՄԱԿԱՆ ԾԱՂԻԿ՚>> հեքիաթը սովորեցնում է, որ եթե դու երազում ես մի բանի մասին, դու պետք է գնաս այդ ճանապարհը մինչև վերջ, Եթե անքամ ձեզ ընդառաջ լինի հրեշը:

Ինքնակենսագրություն (Հովհաննես Թումանյան)


maxresdefaultՄեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

– «Հասի՛ր, էդ կլեկչուն կանչի՛ր, ամանները տանք, կլեկի»,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ՛, այլ՝ մեր ազգականի փեսա՝ տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կըլի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չախի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած էրեխային վերցնում էին մեջտեղից։ – «Արի՛»,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէ՛ր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։

Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10–11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ – երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.18

Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և՛ իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։

Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ – 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չե՛ն հավանել այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։ Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը – նրա ա՛յն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։

Բանաստեղծություններ


ՏԻԵԶԵՐՔԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ

Որ հայացք ես ինձ տըվել վերամբարձ՝
Սուզվելու վերին սահմաններն արփի,
Որ միտք ես տըվել երկնաճեմ ու բաց՝
Չափելու ահեղ բացերն անչափի,

Որ կապել ես մեզ, հոգիս քեզ արել՝
Հոգուս անհունի հըրճվանքը տալով,
Բարձըր ճակատիս ժըպիտ ես վառել,
Վառել, զարդարել արփենի փայլով,

Անթարթափ աչքով, անխարխափ հոգով
Կարդում եմ քո վեհ ազդումներն անվերջ,
Կարդում եմ պայծառ, ուրախ ցերեկով,
Ու գիշերները ահավոր ու պերճ:

Ու վերանում է հոգիս զըվարթուն —
Չըկա մոտ ու տար, չըկա վեր ու ցած,
Տիեզերքն ամբողջ հայրենիք ու տուն,
Ու ես մի ազատ՝ անտարբեր աստված:

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով…

Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,
Հայոց աշխարհի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև…

Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ:
— Հանգե՛ք, իմ որբե՛ր… իզո՛ւր են հուզմունք, իզո՛ւր և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա…

Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,
Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,
Ճանապարհ ընկան Ծաղկանց սարերից, Հայկական պարից,
Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ…

— Հանգե՛ք, իմ որբե՛ր… իզո՛ւր են հուզմունք, իզո՛ւր և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա…

ՎԵՐՋԻՆ ՏԱԳՆԱՊԸ

Վեր է կացել հին վիշապը նոր թափով,
Վեր է կացել վերջին մոլի տագնապով,
Արյունըռուշտ, ոճիրներով ահավոր
Մահ է շընչում լէռներն ի վեր ալևոր:

Ու նրա դեմ ելած անզուսպ, անսահման,
Հորձանք տալով ամեն կողմից՝ հայության
Հին–հին հույսերն ու հուզմունքը դարավոր
Ծառս են լինում լեռներն ի վեր ալևոր:

Ծառս են լինում քաջ խմբերով անձնվեր,
Ծառս են լինում տանջվողներով կիսամեռ,
Ծառս են լինում անընկճելի ու արի
Մինչև ճերմակ գլուխները լեռների:

Ու լեռները պառավ մոր պես վերստին
Արնոտում են գլուխները իրենց հին,
Միշտ խորհելով ամպերի տակ սևակնած,
Որ հենց իրենց հառաչանքն են կուտակված…

Ու ամպերում, բարձըր ուսից Մասիսի
Սլանում է մեծ արծիվը հյուսիսի
Շիտակ դեպի բարձունքները հայկական,
Իր հետևից հայի բախտն ու ապագան:

ԸՆՏՐՅԱԼԸ

Հոգու սըրբազան կըրակով վառված՝
Իջնում էր Մովսես լեռան գագաթից,
Իջնում էր ահեղ պատգամներն առած՝
Շըղթայից հանող աստուծո մոտից:

Եվ մինչ կանխատես աչքովն իր հոգու
Տեսնում էր գալոցն իր ժողովըրդի,
Ու մինչ հրճվում էր… ահա ներքևից
Ձայներ բարկության ու խառն աղմուկի…

Եվ տեսավ Մովսես լեռան բարձունքից,
ժողովուրդն այնտեղ ներքև, հովիտում
Աստված է շինել ոսկուց, արծաթից,
Պարում է շուրջը ու հարբած գոռում.

— Ինչո՞ւ մեզ բերավ Մովսես անապատ,
Լի Եգիպտոսից ինչո՞ւ հանեց մեզ…
Ո՞ւր է մեր սըխտորն ու սոխը առատ…
Այնտեղ հանգիստ էր ու լիքն էր էնպես…

Գոռում է էսպես ու հարբած պարում:
Ու… սուրբ Սինայի մըռայլ ամպերում
Կանգնեց մարգարեն, նայեց դեպի վեր.
— Մի՞թե այս ամբոխն իմ եղբայրն է, տե՛ր…

Լսում եմ ձայնըդ լեռների գլխին,
Ծովեր եմ պատռում, անցնում անապատ,
Հըրեղեն սյունով տանում իր ուղին,
Նա մի՜շտ կասկածոտ, նա մի՜շտ հուսահատ…

Տանջանքի միջից նըկատում եմ ես
Երկիրն ավետյաց հեռո՛ւ մրշուշամ,
Իսկ նա փոքրոգի, կույր ու կարճատես,
Գերության սըխտորն ու սոխն է հիշում…

Եվ երբ ամպերում խոսում եմ քեզ հետ,
Քեզնից փըրկության պատգամ եմ բերում,
Նա այնտեղ ցածում մոլի՛, անհեթե՛թ
Ոսկի է պաշտում ու հարբած պարում…

Ինչո՞ւ են, աստվա՜ծ, քո վեհ պատգամներ,
Իմ տանջանքն ինչո՞ւ… Գոչեց զայրացած,
Ու մեծ խորհուրդի քարյա տախտակներ
ժայռերի գըլխից նետեց դեպի ցած…

Բայց… մյուս առավոտ, երբ որ դեռ քընած,
Հանգչում էր ամբոխն աղմուկից հոգնած,
Իր ցուպը ձեռքին բարձրանում էր նա
Դարձյալ միայնակ վե՛ր՝ դեպի Սինա:

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված– հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծաո առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

ՊՈԵՏՆ ՈՒ ՄՈՒՍԱՆ

Նըստած եմ մի օր ու միտք եմ անում.
Միտք եմ անում, մի~տք, ու չեմ կարենում
Մի հընար գըտնեմ` ցավերըս հոգամ…
Վեր կենամ, ասի, մեկի մոտ գընամ,
Կըրկին պարտք անեմ, գըլուխը քարը,
Մինչև որ տեսնենք ինչ կըլնի ճարը:
-Ողջու~յն Պառնասի գըլխից սըրբազան…
Ետ նայեմ տեսնեմ` իմ ծանոթ Մուսան:
-Վե՛ր կաց, բանաստեղծ, կանչում է էսպես,
Վե՛ր կաց, ներշընչվի՛ր, դուրս արի հանդես,
Տանջվում են ահա եղբայրքըդ թըշվառ,
Հեծում, հալածվում աշխարհից աշխարհ:
Երկինք են հասել արցունք ու արյուն…
Ահա` քեզ համար բերել եմ ավյուն,
Հույս տուր վըհատին, ըսփոփիր որբին,
Ուժ տուր պանդըխտին իր երկար ճամփին:
Նայիր` աղջիկը ի~նչպես ծաղկել է,
Աչքերի մըթնից պայծառ ծագել է
Կյանքի արևը ու սիրտ է հուզում,
Անձնըվեր սիրո երգեր է ուզում…
Ուրախ ու անհոգ գարունն էլ ահա
Բազմել է կանաչ սարերի վըրա,
Ձորերը լըցվել, փըռվել հովիտում.
Հավքերն երգում են, ծաղկունքը փըթթում…