Երկարագի երաշտահավ


Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 16-19 սմ, կենդանի զանգվածը՝ 7-10 գ։ Փոքրամարմին է, պոչը՝ երկար, թևերը՝ կարճ։ Մարմինը կլորավուն է, գնդանման։ Հասունի գագաթը սև ու սպիտակ շերտերով է, մեջքը՝ մոխրագույն։ Մարմնի ստորին մասը վարդագույն երանգով է։ Երիտասարդն ավելի մուգ է, մեջքը և գլխի կողքերը՝ դարչնագույն, պոչը՝ ավելի կարճ։ Երամային է, կեր է փնտրում ծառերի սաղարթի միջին մասում, հաճախ՝ անտառային մանր թռչունների խառը երամներում։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, գիհու թփուտներում, արհեստական ծառատունկերում, ձմռանը՝ գետաձորերում և թփուտային կիսաանապատներում։ Գարնան ամենավաղ հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի կես-ապրիլի ընթացքում։ Ձվադրման պատրաստ առաջին բները հայտնվում են ապրիլի առաջին տասնօրյակին։ Բույնը ձվաձև է՝ սարդոստայնով հյուսված, պատված քարաքոսով, ցամքարը՝ փետուրներից։ Բնադրում է թփուտներում կամ ծառերի ուղղաձիգ ճյուղավորումներում։ Դնում է 4 մմ տրամագծով, սպիտակ 8-12 ձու։ Թխսակալում է 12-13 օր։ Խոսրովի անտառ արգելոցում ձագերը հայտնվում են ապրիլի վերջին, բնից դուրս են գալիս և մեծերի խնամքին անցնում մայիսի սկզբին։ Բնային կյանքում ձագերին կերակրում են արուն և էգը՝ օրը 250 անգամ։ Հունիս-օգոստոսին բազմապատկվում է երիտասարդ թռչունների ընտանեկան խմբերի քանակը և պահպանվում մինչև հաջորդ գարուն։ Օգտակար է, ոչնչացնում է ծառերի վնասատուներին։ Գնդանման, փոքր մարմնի, մետաքսանման փետրածածկի և արտասովոր երկար պոչի շնորհիվ գեղագիտական արժեք է ներկայացնում։

Թողնել մեկնաբանություն